«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԲԱԶՄԱԹԻՎ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԻ»
«Իրավունքը de facto»-ի հարցերին պատասխանում է Ռուսաստանի հայերի միության նախագահ ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ
-Կիսո՞ւմ եք ՀՀ նախագահի այն կարծիքը, թե Ռուսաստանի հայերի մասնակցությունը Հայաստանի տնտեսական ծրագրերում մեծ չէ։ Եթե՝ այո, ի՞նչ է արվում լուծման նպատակով։
-Իրոք, համաձայն եմ նախագահի հետ, և կասեի, որ ոչ միայն Ռուսաստանի, այլև ընդհանրապես սփյուռքի թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական և թե՛ հասարակական ներուժը հօգուտ Հայաստանի լիարժեք չի օգտագործվում։ Եթե ինքս գնահատեմ իմ կատարված աշխատանքները որպես Հայերի միության նախագահ, ապա կարող եմ ասել, որ օգտագործվում է հնարավորությունների մեկ տոկոսը։ Եվ դրա պատճառները բազմաբնույթ են ու շատ։ Ինչ վերաբերում է իրականացվող աշխատանքներին, ապա հետաքրքիր ծրագրեր են մշակվում, և փորձելու ենք անել հնարավորը՝ սփյուռքի մասնակցությունը (ներդրումների առումով) մեծացնելու ուղղությամբ։
-Դուք նշեցիք, որ սփյուռքի ներուժը լիարժեք չօգտագործելու պատճառները շատ են։ Կվկայակոչե՞ք 1-2 հիմնարար պատճառ։
-Հայաստանում չկար մի կառույց, որ կարողանար սփյուռքի հետ տարվող աշխատանքները կոորդինացնել և իր վրա վերցնել պատասխանատվության ու հետևողականության գործառույթը։ Ամենակարևորը, բացակայում են կառավարության կողմից մշակված հստակ ծրագրերը։ Նշեմ մեկ այլ գործոն ևս. թեև ծնվել, մեծացել և աշխատել եմ Հայաստանում, սակայն այժմ ինձ համար շատ դժվար է լուծել որոշակի իրավունքների հաստատման խնդիրը՝ համաձայնություններ, թույլտվություններ ստանալու առումով։
-Այսինքն, թղթաբանության հետ կապված քաշքշո՞ւկն է մեծ։
-Ոչ, քաշքշուկի խնդիր չկա։ Գուցեև այդ մոտեցումը նորմալ է, սակայն դրսի գործարարի համար դժվարություններ են ստեղծվում։
-Կարելի՞ է ասել, որ Հայաստանի տնտեսական դաշտը, ներդրումների առումով, շահավետ է։
-Չէի ասի։ Թեև բիզնեսի առաջին նախապայմանը շահն է։ Սփյուռքի դեպքում գործ ունենք ոչ միայն շահի, այլև զգացմունքայնության, հայրենասիրության գործոնի հետ։ Այլ կերպ ասած՝ այս դեպքում գործարարի տրամաբանությունը մեկ գործոնով չի պայմանավորված, այլ համալիր է։ Որպեսզի ներդրումային դաշտում մեծանա ներդրողների հետաքրքրությունը, կարծում եմ, անհրաժեշտ է ստեղծել համապատասխան պայմաններ նրանց հետաքրքրությունը շարժելու համար, ինչը կնպաստի ներդրումների ակտիվացմանը։ Երբ արդեն ներդրում իրականացնել ցանկացողների թիվը մեծանա, այդ ժամանակ կարելի է բարդացնել գործարար դաշտի պայմանները։ Միշտ ասել և այժմ էլ կասեմ, որ եթե մենք բոլորս ցանկանում ենք լուծել խնդիրները, ապա պետք է օգնենք և սատարենք ՀՀ նախագահին՝ մի կողմ թողնելով ամեն տեսակի քաղաքական ամբիցիաները։ Պետք է հավատք ունենանք, ինչը մեզ կօգնի ճգնաժամից դուրս գալու միակ ճիշտ ճանապարհը գտնել։ Մինչդեռ, ցավոք, այսօր նման բան չեմ տեսնում։
-Խոսեցինք ճգնաժամից, ըստ Ձեզ, մարտի 1-ի դեպքերն ազդեցություն չե՞ն ունեցել ներդրումային դաշտի վրա։
-Իհարկե, ունեցել են, և, ընդհանրապես, ներդրումների վրա ցանկացած քաղաքական և տնտեսական գործընթացներ ուղղակի ազդեցություն են ունենում։ Նշված դեպքերը ոչ միայն ազդեցություն ունեցան, այլև մի քանի անգամ նվազեցրին բիզնես-ռիսկերը։
-Ինչն այժմ նկատելի՞ է։
-Նկատելի է։ Օրինակ, միջկառավարական հանձնաժողովի նիստին և՛ գործարար, և՛ պետական պաշտոնյա խավն իր հայ կոլեգաներին հարցնում էր. «Օրերս ձեզ մոտ ընդդիմության հանրահավաքն էր, ի՞նչ կար...»։ Ի՞նչ է սա նշանակում։ Նշանակում է՝ զգուշավորություն, զգոնություն։ Մենք այն ժամանակահատվածում ենք ապրում, երբ Հայաստանը տարածաշրջանում բազմաթիվ խնդիրներ ունի։ Սրանից ելնելով՝ տեղական բոլոր քաղաքական և տնտեսական ուժերը պետք է աշխատեն մի ուղղությամբ՝ խնդիրների լուծման։ Եվ բոլորը պետք է զբաղվեն մեկ հարցով՝ ինչո՞վ կարող ենք օգնել մեր կառավարությանը և իշխանությանը։ Նկատեմ, որ ՀՀ նախագահը շատ հետևողական աշխատանք է տանում իր տված նախընտրական խոստումներն իրականություն դարձնելու ուղղությամբ։ Սրա կողքին այն տպավորությունն ունեմ, որ այս պահին նախագահն ու կառավարությունը մնացել են մենակ՝ խնդիրների լուծման հարցում։ Մինչդեռ մենք բոլորս ավելի շատ պետք է երկխոսության մեջ լինենք նրանց հետ և հանդիսանանք միացնող օղակ։ Շատ լավ է, որ այժմ ձևավորվեց սփյուռքի նախարարությունը, և այս պահին նախարարությունում մշակվում են հստակ ծրագրեր։ Ինչը նշանակում է, որ փորձ է արվում լրացնել այն բացը, որի մասին ասացի մեր զրույցի սկզբում։
-Դուք նշեցիք, որ «բոլորս պետք է սատարենք ՀՀ նախագահին՝ ծրագրերն իրականացնելու առումով»։ Կոնկրետ Դուք ի՞նչ ներդրումային ծրագրեր եք պատրաստվում իրականացնել։
-Հայաստանում իրականացվում են բազմաթիվ ներդրումային ծրագրեր, որոնց մասին շատ է խոսվել։ Այժմ նախապատրաստում ենք մի ծրագիր, որով կառուցվելու է պահածոների գործարան։
Զրուցեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ